Հետաքրքիր լուրեր
Անհետաքրքիր լուրեր
33

Եվրոպամետ ադրբեջանցիները պաշտպանում են հայ-թուրքական մերձեցումը


Ադրբեջանի եվրոպական շարժումը հանդես է եկել հայտարարությամբ, որով սատարում է Թուրքիայի և Հայաստանի միջև արձանագրությունների ստորագրումը: Այդ մասին «Նովոստի Ազերբայջանային» ասել է շարժման ներկայացուցիչը: «Մենք հավատում ենք, որ արդյունքում երկու ժողովուրդները կապրեն ոչ թե պատմությամբ, այլ ապագայով: Այդ տեսանկյունից՝ ստորագրված արձանագրությունները պատմական կարևորություն ունեն: Դրանք կարող են մեծ դեր խաղալ տարածաշրջանում փոխադարձ վստահության հաստատման գործում: Քաղաքական նոր իրադրության պայմաններում այդ արձանագրությունները նաև տարածաշրջանում տնտեսական ու քաղաքական միասնական տարածության ձևավորման հույս են ծնում և ընդլայնում տարածաշրջանի երկրների հնարավորությունները Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհին»,- ասված է հայտարարության մեջ:

Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը


ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Անվար Ազիմովը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ կապերի զարգացման մասին հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրություններն «առաջին քայլն» են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհին:

«Երկու հարևան երկրների փոխհարաբերությունների հաստատումը կնպաստի առևտրային շփումների աշխուժացմանը և երկու պետություններում սոցիալ-տնտեսական իրադրության բարելավմանը, ինչպես նաև ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը»,- երեկ Ազիմովը հայտարարել է ԵԱՀԿ մշտական խորհրդում: Նրա խոսքով՝ այժմ կարևոր է, որ կողմերը հնարավորին արագ վավերացնեն այդ փաստաթղթերը և ձեռնամուխ լինեն դրանց իրագործմանը:

Անվար Ազիմովը նաև նշել է, որ «արձանագրություններով նախատեսված քայլերից և ոչ մեկը չի կարող մեկնաբանվել որպես երրորդ կողմին վնասող»: «Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ երկկողմ փոխշահավետ համագործակցության նախագծերի հետագա իրականացման միջոցով»,- ասել է նա:

Վրաստանը դեմ է Քլինթոնի առաջարկած բուֆերային գոտիներին


Վրաստանն անընդունելի է համարում «Ռուսաստանի բռնազավթած տարածքներում բուֆերային գոտիներ ստեղծելու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախաձեռնությունը»: Այս մասին հայտարարել է Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Էկա Տկեշելաշվիլին: Նշենք, որ հոկտեմբերի 14-ին Քլինթոնը Մոսկվայում հայտարարել էր բուֆերային գոտիներ ստեղծելու և դրանցում միջազգային դիտորդներ և խաղաղապահ ուժեր տեղակայելու մտադրության մասին: «Դա դեռ նախագիծ է, այլ ոչ թե ընդունված որոշում, որի վրա աշխատում են Վրաստանը, Եվրամիությունը և ԱՄՆ-ը»,- նշել է Տկեշելաշվիլին՝ ընդգծելով, որ «Վրաստանի նպատակը, իհարկե, Աբխազիան և Հարավային Օսիան բռնազավթումից ազատելն է»:

Ուկրաինայում ոչ ոք այլևս չի կարող մարդկանց փողոց դուրս բերել


Ուկրաինայի նախագահական ընտրությունները, որոնք պետք է անցկացվեն 2010թ. հունվարին, 2004թ. ընտրությունների նման բնակչությանը երկու մասի կբաժանեն: Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Լիտվինը, որը նախագահի հավանական թեկնածուներից մեկն է: Գերագույն ռադայի խոսնակի կարծիքով՝ «նարնջագույն հեղափոխության» սցենարի կրկնություն 2010թ. ընտրություններում չի լինի, քանի որ ոչ ոք այլևս չի կարող մարդկանց փողոց դուրս բերել ցույցի՝ նույնիսկ վճարովի հիմունքներով:

Ո՞վ է գնահատել այս նյութը


Կարծիք


Submit a Comment  Name : 





Ներմուծեք պատկերված թիվը: Եթե այն չի հասկացվում, թարմացրեք էջը:




ԱԶԱՏ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՑԱՆՑ
նորություններին հետևելու ամենահարմար հարթակը: Իմացեք ավելին...

TIMES.am
Ads On-line գովազդային համակարգ - ձեր գովազդը` լավագույն հայկական կայքերում

Մականուն:

Գաղտնաբառ:

Հիշել:
Saved Stories